вторник, 4 апреля 2017 г.

Ինչ է հանրային քննարկումը և ինչպես է այն կազմակերպվում


Համայնքում կարևոր իրադարձություններից տեղյակ լինելու լավագույն ձևը ՏԻՄ-երի կողմից կազմակերպվող միոցառումներին հետևելն է, իսկ կարծիք հայտնելու և առաջարկություններ ներկայացնելու համար հատուկ ստեղծված է հանրային լսումների և քննարկումների ձևաչափը։ Հանրային քննարկումների ձախողման  դեպքերը բավականին շատ են, որի հիմնական պատճառը մարդկանց անտեղյակությունն է: Այդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում ինչ է հանրային քննարկումը և դրա անցկացման եղանակները:

Հանրային քննարկումները կազմակերպվում են համայնքի ղեկավարի կողմից և նպատակ են հետապնդում  բնակիչներին իրազեկել համայնքային հարցերի, փոփոխությունների մասին   ու հավաքագրել նրանց կարծիքները: Օրինակ՝ եթե Արարատի համայնքապետարանը կազմակերպում է հանրային քննարկումներ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ, պետք է ապահովի համայնքի բնակչության մասնակցությունը, քանի որ հանրային լսումներն առանց հանրության մասնակցության անհեթեթ են: Հանրային քննարկումից 15 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է հրապարակել հանրային քննարկումների հրավերը՝ օգտագործելով բոլոր հասանելի օնլայն և օֆլայն տարբերակները:
Հանրային քննարկումներիմասնակիցները քննարկման դրված հարցի կամ խնդրի վերաբերյալ կարող են իրենց առարկությունները և առաջարկությունները հնչեցնել բանավոր կամ գրավոր տեսքով: Քննարկումից հետո հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում մասնակիցները  կարող են դրանք գրավոր ձևով ներկայացնել հանրային քննարկումների քարտուղարին հնգօրյա ժամկետում:
Հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում կազմվում է հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթ, որը փակցվում է տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական վահանակներին և տեղադրվում համայնքի պաշտոնական կայքում:
Բացի ավանդական հավաքվել քննարկելուց,  հանրային լսումներ կարող են անցկացվել համացանցային կայքերի միջոցով, ինչպես նաև տեղական հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության այլ միջոցներով: Այս եղանակներն  ունեն մի շարք առավելություններ, որոնցից են ժամանակի խնայողությունը և հասանելիությունը հասարակության լայն խմբերին: Նման եղանակներով հանրային քննարկումները հատկապես նպատակահարմար կարող են լինել, երբ հանրային քննարկումներին մասնակցության խոչընդոտ է հեռավորությունը (օրինակ` կենտրոնից հեռու գտնվող բնակավայրերի բնակիչների համար):
Հանրային քննարկումներ կարող են անցկացվել նաև հարցումների միջոցով՝ գրավոր և բանավոր ձևերով: Հարցումների միջոցով հանրային քննարկումների իրականացման համար անհրաժեշտ է նախապես մշակել հարցաշարեր (գրավոր հարցումների դեպքում՝ հարցաթերթիկներ, իսկ բանավոր հարցումների դեպքում՝ հարցերի սպառիչ ցանկ):


Комментариев нет:

Отправить комментарий