Skip to main content

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիական համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։

Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։

Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։

Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։

Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում են կրթությունը շարունակել, ունենալ մասնագիտական կրթություն և դրանից բխող աշխատանք։

Այս տարիներին հատկապես, իրենց կրթական ու հասարակական ակտիվ կյանքով աչքի էին ընկնում Ալագյազ համայնքում բնակվող եզդիները ։ Սակայն Հայաստանից դուրս էլ բազմաթիվ եզդիներ իրենց ոլորտում լուրջ հաջողություններ էին գրանցում։ Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում նաև կանայք։ Խորհրդային միության տարիներին աշխատանքում հաջողած շատ եզդի կանայք կային, օրինակ ՝ կրկեսի դերասանուհի Նազի Շիրայի, լեզվաբան Զառա Յուսուպովա, էթնոգրաֆ Լամառա Փաշաևա, Կենսաբան Լյուսյա Մամեդովա և այլք։

Իմ զրուցակից Ազնիվ Քալաշյանը ևս եզդիական համայնքից է։ Ազնիվը ծնվել 1961 թվականին՝ Երևանում։ Պատմում է, որ շատ էր սիրում սովորել և դպրոցում բարձր առաջադիմություն ուներ։ Տասներորդ դասարանն ավարտելուց հետո որոշել էր իրավաբան դառնալ, սակայն ընտանիքում այս որոշումը այնքան էլ չի խրախուսվել։

- Հայրս ուրախ էր, որ ես ուզում եմ կրթությունս շարունակել, սակայն համարում էր ,որ իրավաբանի աշխատանքը եզդի կնոջ համար այնքան էլ համապատասխան չէ։ Հայրս ուզում էր , որ ես մանկավարժ դառնամ, բայց ես չէի ուզում։ Հետո իմ ընտրությամբ ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտին կից տեխնիկում։

Չորս տարի սովորելուց հետո Ազնիվը ձեռք է բերում «հաշվիչ մեքենաների մասնագետ» մասնագիտությունը։ Մեր օրերում գոյություն չունեցող այս մասնագիտությունը խորհրդային միության տարիներին պահանջված էր ու աշխատանք գտնելը այնքան էլ բարդ չէր։

Ազնիվը երկար տարիներ աշխատել է Երևան ջուր ընկերությունում, որպես օպերատոր։

- 1999 թվականից հետո չեմ աշխատել, տնայնագործ եմ եղել , գործել եմ, թխել եմ , վաճառել եմ ։

Ազնիվն ասում է, որ նախկինում բացասաբար չէին վերաբերվում կրթությանը և աշխատանքին, բոլորն էլ խրախուսում էին թե՛ սովորելը, թե՛ աշխատելը։ Նշում է, որ  կանանց  նկատմամբ չկար աշխատանքի  կամ  կրթության սահմանափակում, ամեն դեպքում  ինքը  նման սահմանափակում երբեք չի զգացել։

-Անգամ գյուղերից էին գալիս Երևան սովորելու, բարեկամների տանն էին ապրում  ու սովորում։ Իմ քեռու աղջիկն էլ  մեր  տանն էր ապրում, մեր տանից դասի գնում։ Շատ-շատ  էին  ուսանողները, թե աղջիկ, թե տղա։

Ազնիվի կարծիքով  հիմա  ապրելակերպը, ապրելու պայմանները, հնարավորությունները  թույլ  չեն տալիս, որ մարդիկ նախկինի պես գան Երևան սովորելու, կամ մասնագիտական կրթության դիմեն։

-  Առաջ ամեն բան էժան էր ու հասանելի, քո  ուժերով էիր ընդունվում, գումարային խնդիր չկար, վարձավճար չկար, տրանսպորտը  հասանելի էր։ Ավարտելուց հետո էլ դժվար չէր աշխատանք  գտնելը։ Ազգային խտրականություն էլ չի եղել երբեք։ Բոլորն էլ հավասար էին։ Իսկ հիմա ուսման վարձը շատերի համար է խնդիր, ու շատերը հենց դրա համար էլ չեն սովորում։

Ազնիվն ասում է, որ ամուսնու  ընտանիքն էլ  երբեք  բացասական չի վերաբերվել կրթություն և աշխատանք ունեցող հարս ունենալուն, քանի որ իրենց հարազատների մեջ էլ շատ էին  մասնագիտական կրթություն ստացածները, իրենց մասնագիտությամբ աշխատողները։ 

Այժմ Ազնիվը չի աշխատում, տնային տնտեսուհի է, սակայն նշում է, որ իր  ստացած կրթությունը և երկար տարիկների աշխատանքը իր կյանքում շատ կարևոր դեր են ունեցել  և  ուրախ է, որ ժամանակին կարողացել է իր համար ճիշտ որոշումներ կայացնել ու այդ հարցում ունեցել է իր ընտանիքի մշտական աջակցությունը։ 

Հոդվածը ստեղծվել է Արարատ ԻնֆոՏան կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։



Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։